Ահաբեկչության եւ այլատյացության սպառնալիքն ԱՊՀ տարածաշրջանում իրական է, եւ դա հարկավոր է գիտակցել: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին կից անվտանգության ոլորտի եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերի միացյալ հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ես կոչ եմ անում բոլորիս համատեղել մեր ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում եւ իսպառ բացառել կրկնակի ստանդարտների կիրառումը»,-ասել է նա:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Օլեգ Դենիսենկոն հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջարկել է Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը: ԱԺ փոխնախագահը վերընտրվել է միաձայն:

Իր ելույթում ԱԺ փոխնախագահն ափսոսանքով նշել է, որ ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում ընդգրկված երկրներից ոչ բոլորն են դատապարտում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

«Մենք՝ ԱՊՀ ՄԽՎ անդամներս, պետք է հասցեական դատապարտենք բոլոր նրանց, ովքեր սերմանում են այլատյացություն: Նախորդ տարվա նոյեմբերին ԱՊՀ ՄԽՎ 43-րդ լիագումար նիստի աշխատանքներն ամփոփող համատեղ մամլո ասուլիսին մասնակցում էր նաեւ մի պետություն, որը Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցման կապակցությամբ հրաժարվեց հանդես գալ որեւէ մեկնաբանությամբ: Նման վարքագիծն անընդունելի է. ահաբեկչությունը մարտահրավեր է մեզ բոլորիս համար»,-նշել է ԱԺ փոխնախագահը: