Հանրային գերակա շահ ճանաչված՝ Երեւանի Պուշկին 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի գործով ապրանքագիտական նոր փորձաքննություն կանցկացվեն, հայցի քննությունը կասեցվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը:
Նշենք, որ դատարանը քննում է սեփականատիրոջ դեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության ներկայացրած օտարման հայցը: Փաստաբանը միջնորդել էր նոր փորձաքննությամբ վերանայել տարածքի համար տրվող փոխատուցման չափը: Դատարանը բավարարել է նրա միջնորդությունը:
Նշենք, որ պատասխանող կողմը նման միջնորդություն է ներկայացրել, քանի որ նման գործերի դեպքում դատարանում հնարավոր է վիճարկել միայն փոխհատուցման չափը, գերակա շահը հնարավոր չէ վիճարկել: Ժիրայր Ավանյանն ասել էր, որ փոխհատուցման չափից անկախ իր վերջանական որոշումը լինելու է այն, որ տարածքը չեն հանձնելու:
Նշենք, որ 2008 թ. օգոստոսին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, Պուշկինի 8 և 10 հասցեում գտնվող տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ: Տարածքը ձեռքբերող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը, սակայն, առ այսօր իրականացնում է առկա գույքերի ձեռքբերման գործընթաց, և տարածքի կառուցապատման հետ կապված որևէ նախագիծ մինչ օրս չի ներկայացրել Երեւանի քաղաքապետարան: Ըստ քաղաքապետարանի՝ տվյալ տարածքի շենքերի քանդման կամ ապամոնտաժման թույլտվություններ չեն տրամադրվել:




























