Ադրբեջանի Գաբալայի շրջանի 25 բնակիչների՝ հայկական կողմն անցնելու փորձի պատճառը պաշտոնյաների կամայականություններն են եղել։ Այս մասին հայտնում է contact.az-ը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Գաբալայի շրջանի Քեթյուքլու գյուղի մի խումբ բնակիչներ, փետրվարի 27-ի գիշերը հասնելով Աղդամի շրջան, փորձել են անցնել հայկական կողմը: Նրանց ձերբակալել էին եւ հանձնել ոստիկաններին։ Իշխանություննները դեռեւս չեն մեկնաբանում այդ ակցիայի պատճառները։

Գաբալայի շրջանի գործադիր իշխանությունները Turan գործակալության հետ զրույցում հաստատել են այդ փաստը՝ նշելով, որ պաշտոնական տեղեկություններ կտրամադրվեն միայն իրավապահ մարմինների կողմից հետաքննություն անցկացնելուց հետո։

Միաժամանակ գյուղի բնակիչ Ռամին Իսմայիլովի  խոսքով՝ գյուղացիների բողոքի պատճառը գործադիր իշխանության ներկայացուցիչ Իքրամ Նաբիեւի ցուցաբերած անարդարացի վերաբերմունքն է եղել:

«Նաբիեւն ու նրա բազմաթիվ հարազատները, չարաշահելով իրենց ծառայողական դիրքը, հետապնդում են մեր երեխաներին, նրանց բանտ նստեցնում։ Նրանք կապեր ունեն իրավապահ մարմիններում եւ գյուղում նրանց նկատմամաբ անբարյացակամ տրամադրված բոլոր մարդկանց կալանավորում են թմրանյութեր պահելու մեղադրանքով։ Դա արդեն մի քանի տարի շարունակվում է»,- ասել է Իսմայիլովը։

Ակցիայի մեկ այլ մասնակից՝ Աքիֆ Իսմայիլովն ասել է, որ բողոքում է Գաբալայի շրջանային դատարանի անարդարացի որոշումների դեմ։

«Իմ որդի Սերհանը փոքր կռվի վկա էր դարձել, սակայն հետաքննությունը նրան գործով ներգրավել էր որպես մեղադրյալ։ Որքան մենք բողոքեցինք, միեւնույնն է, որդուս մեկ տարվա ազատազրկման դատապարտեցին»,- ասել է Իսմայլովը։

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության փոխխոսնակ Էսհան Զահիդովը հայտնել էր, որ  Գաբալայի շրջանի 25 բնակիչներ, որոնց թվում՝ մանկահասակ երեխաներ, գիշերը մտնելով Աղդամի շրջանի Միրբաշիրլի գյուղ, հայտնել են, որ կանցնեն հայկական կողմը, եթե իրենց ազատազրկված հարազատներին բաց չթողնեն։ Մարդկանց այդ խումբը ձերբակալել էր եւ հանձնվել իրավապահներին։ Նրանցից բացատրական են վերցրել եւ հետ ուղարկել Գաբալայի շրջան։