Հայաստանում ոչ ոք 50 դրամով խաղող չի աճեցնի: Այդ մասին մարտի 1-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գառնիկ Պետրոսյանը:
Ավելի վաղ խորհրդարանի պատգամավոր, կոնյակի եւ մրգաբանջարեղենային պահածոների արտադրության «ՄԱՊ» կոմբինատի սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը հայտնել էր, որ վերամշակող բիզնեսը կկարողանա արտասահմանում մրցակցել, միայն եթե ֆերմերները կոնյակի համար խաղողը վաճառեն 1 կգ-ի դիմաց 50 դրամից ոչ թանկ: Համեմատության համար, Երեւանի կոնյակի գործարանը խաղող է գնում 1 կգ-ի դիմաց 130 – 150 դրամով, Երեւանի գինու եւ կոնյակի գործարանը` նույն գնով:
«Դա իմ, որպես մեկ հեկտարի վրա խաղողի մշակման ծախսերը լավ իմացող մարդու կարծիքն է: Նման գնի պայմաններում ոչ ոք չի աճեցնի: Դա պիտի հիշեն ոչ միայն գործարարները, այլեւ սպառողները: Երբ նրանք մրգի կամ բանջարեղենի որեւէ գին են տեսնում, պիտի հասկանան, թե դրա մեջ ինչ է մտնում», - հավելել է փոխնախարարը:
Նրա խոսքով, 2015-ին գինու-կոնյակի ձեռնարկությունները, չնայած Ռուսաստանում վաճառքի անկմանը եւ հաջորդ տարվա համար անորոշ հեռանկարներին, գնեցին ֆերմերների ամբողջ բերքը: Գնման սեզոնի ավարտին նրանց մոտ հարցեր առաջացան խաղողի որակի վերաբերյալ, ինչի հետեւանքով նրանք իջեցրին գները: «Բայց չեմ թաքցնում, որ մի շարք դեպքերում իջեցումը նաեւ անհիմն էր»,- միաժամանակ հավելել է Գառնիկ Պետրոսյանը:




























