Մոսկվայի քաղաքային դատարանը մինչեւ մայիսի վերջ երկարաձգել է քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով անցնող հինգ մեղադրյալի կալանքի ժամկետը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդպիսով դատարանը բավարարել է քննության միջնորդությունը:
«Դատարանը որոշում է կայացրել բավարարել քննության` Դադաեւի, Էսկերխանովի, Բախաեւի, Շ.Գ. Շուբաշովի եւ Ա. Գումաշովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց մինչեւ մարտի 28-ը երկարաձգելու միջնորդությունը», - դատարանի որոշումն է հրապարակել դատավոր Սերգեյ Պոդպրիգորովը:
Ինչպես հետեւում է քննության միջնորդությունից, մեղադրյալների մեղքը հաստատվում է վկաների ցուցմունքներով, փորձաքննությունների, խուզարկությունների արդյունքներով, կասկածյալների խոստովանական ցուցմունքներով: Դատախազը հավանություն է տվել քննության միջնորդությանը` նշելով, որ դատական գործով անցնող կասկածյալների համար խափանման միջոց ընտրելու հիմքերը ուժի մեջ են մնում:
Զաուր Դադաեւը, որին քննությունը հանցագործության անմիջական կատարող է համարում, հայտնել է, որ համաձայն չէ իրեն ձերբակալելու եւ կալանքի առնելու որոշմանը: «Ինձ ծանոթանալու համար բերել են գործի առաջին հատորը, այնտեղ բազմաթիվ սխալներ կան, իսկ ինչքան սխալ կլինի բոլոր հատորներում», - նշել է նա: Նրա փաստաբան Շամսուդին Ցակաեւը նշել է, որ իր պաշտպանյալը մասնակցել է մարտական գործողությունների եւ պարգեւներ ունի: «Նա կյանքն է վտանգել այս պետության համար, նրան կալանքի մեջ պահելու անհրաժեշտություն չկա», - ասել է փաստաբանը: Մնացած մեղադրյալների պաշտպանները եւ իրենք` մեղադրյալները եւս հանդես են եկել իրենց կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ եւ ժխտում են հանցագործությանը իրենց հանցակցությունը:
Այս գործի քննության ժամկետը երկարաձգվել է մինչեւ մայիսի 28-ը: Ավելի վաղ մեղադրյալների խափանման միջոցի հարցը քննարկել է Բասմանյան շրջանային դատարանը, սակայն մեղադրյալների կալանքի ժամկետի մեկ տարուց ավելի երկարաձգումն արդեն Մոսկովյան քաղաքային դատարանի իրավասությանն է պատկանում:





























