Ոստիկանները հարգում են Մարտի 1-ի զոհերի հիշատակը, այդ պատճառով էլ  ծաղիկները ձեռքին էին հսկում ընդդիմադիր ուժերի երթը՝ դեպի Մյասնիկյանի արձան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: 

«Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելով են ոստիկանները ծաղիկներ դրել Մյասնիկյանի արձանի մոտ: Բոլորիս պարտականությունն է հարգել, բոլորիս վիշտն է»,- ասաց փոխոստիկանապետը:

Նշենք, որ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան երթը հսկող ոստիկանները մեխակներ ունեին իրենց ձեռքին, որոնք երթի ավարտին դրեցին արձանի մոտ:

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել: