Արտաքին քաղաքական գործոնը չի կարող որոշիչ լինել Վրաստանի խորհրդարանական ընտրություններում, քանի որ ոչ ոք չի չեղարկել եվրատլանտյան արտաքին քաղաքական կուրսը: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց վրացի վերլուծաբան Վասո Կապանաձեն՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին այն մասին, առաջիկա ընտրությունների ֆոնին կարելի՞ է, արդյոք, ներքաղաքական սրացումներ սպասել Վրաստանում, եւ ինչպիսին կլինի արտաքին քաղաքական գործոնը:

Վասո Կապանաձեի հավաստմամբ, եվրատլանտյան արտաքին քաղաքականության հարցում Վրաստանի բոլոր հիմնական քաղաքական ուժերը միասնական են: «Սրացում կարող է լինել, եթե ընտրությունների արդյունքները կեղծվեն: Բայց չեմ կարծում, որ գործը դրան կհասնի, քանի որ Վրաստանը ժողովրդավարական երկիր է եւ նախադրյալներ չկան, որ ընտրությունները կկեղծվեն»,- հավելեց վրացի վերլուծաբանը:

Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները սպասվում են այս տարվա աշնանը: