Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչները բողոքում են, որ «Հյուսիս- Հարավ» ավտոմայրուղու պատճառով իրենք զրկվել են իրենց արոտավայրեր տանող կարճ ճանապարհից, իսկ խնդիրը լուծելու համար խոստացված կամուրջն այդպես էլ չի կառուցվում:

«Մեզ խոստացել էին, որ մարտի 1-ին կամուրջը պատրաստ կլինի, ամեն ինչ կա, եկել չափումներն արել են, բայց մարտի 1-ով ոչինչ պատրաստ չեղավ ու չգիտենք էլ՝ ինչ է լինելու»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը:

Գյուղացիները նշում են, որ ավտոմայրուղու կառուցումից հետո այլեւս հնարավոր չէ շրջադարձ կատարել, ինչի պատճառով ստիպված պետք է մի քանի կիլոմետր գնան՝ ճանապարհի մյուս կողմում գտնվող՝ իրենց գյուղի արոտավայրեր հասնելու համար:

«Առաջ եթե 400-500 դրամով էինք հասնում ինչ-որ տեղ, հիմա էդ նույն տեղը հասնում ենք 1000 դրամով: 7-8 կիլոմետր անցնում ենք, որ շրջանցենք, գնանք մեր հողակտորները»,- ասաց գյուղացին՝ նշելով, որ կամուրջն անհրաժեշտ է նաեւ իրենց հարեւան գյուղերի բնակիչներին, որոնք նույնպես այս խնդրի առջեւ են կանգնել հատկապես այս սեզոնին, երբ գյուղատնտեսական աշխատանքները սկսվում են: