Երեւանում անհրաժեշտ է սահմանափակել տաքսիների քանակը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի տաքսի ծառայությունների միության նախագահ Վահագն Սահակյանը։
«Միջոցը կարող է լայն ընդունելություն չստանալ, սակայն դրանից կշահի ոչ միայն տաքսիների որակը, այլ նաեւ պրոֆեսիոնալ տաքսիստների աշխատավարձը»,- հավելել է նա։
Երբ 2006թ. Հայաստանում ուժի մեջ մտան արտոնագրված տաքսիների կանոնները, դրանց որակը բարձրացավ եւ մինչեւ 2010-2011թթ. զարգանում էր։ Գործում էր տաքսիների տարիքի սահմանափակում՝ 10 տարուց ոչ ավելի։ Այդ ժամանակ ծառայությունների սեփականատերերը որոշեցին նոր մեքենաներ գնել՝ վստահ լինելով, որ շուկայում կմնան միայն նրանք, ովքեր պատրաստ են գումար ծախսել որակի վրա, նշել է Սահակյանը։
«Վարկ էին վերցնում, մեքենաներ գնում։ Իսկ 2010թ. այդ սահմանափակումը հանեցին։ Եվ այդ ժամանակ վարորդները սկսեցին հեռանալ ծառայություններից։ Վերցնում էին առաջին պատահած 2-3 հազար դոլար արժողությամբ մեքենան եւ իրենք էին վարում։ Իսկ ծառայությունների սեփականատերերը, որոնք 10-15 հազարով նոր մեքենաներ էին գնում, մնում էին վարկերը ձեռքներին։ Նրանցից շատերը ծախեցին իրենց ունեցվածքը, որպեսզի գոնե ինչ-որ կերպ մարեն պարտքերը, եւ փակվեցին։ Այս տարիների ընթացքում տաքսի ծառայությունների թիվը պակասել է»,- ասել է Սահակյանը։
Նրա խոսքով, երբ նախկին պահանջները հանեցին, տաքսու վարորդները սկսեցին դրանով զբաղվել ոչ միայն գումար վաստակելու համար, այլ նաեւ կողմնակի եկամտի համար։ Իսկ քաղաքում, ցավոք, ուղեւորների թիվը չի աճում, տուրիզմը առանձնապես չի զարգանում, իսկ մարդիկ մեկնում են։
«Հենց այդ պատճառով միությունը Տրանսպորտի նախարարությանն առաջարկել է սահմանափակել տաքսիների քանակը։ Նման սահմանափակումներ կիրառվում են Եվրոպայի շատ քաղաքներում։ Իմ կարծիքով, եթե հաշվի ենք առնում, որ նորմալ քաղաքային տրանսպորտ մենք գրեթե չունենք, իսկ այն ինչ ունենք, շատ հեռու է տրանսպորտից, ապա 15 հազար։ Եթե տրանսպորտը նորմալ լինի, լավ ավտոբուսներ եւ տրոլեյբուսներ լինեն, ապա 10 հազարից ոչ պակաս։ Իսկ հիմա Երեւանում կա ավելի քան 25 հազար տաքսի»,- նշել է Սահակյանը։




























