Մարտի 11-12-ը Երեւանում կկայանա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստը։ Նիստում ռուսաստանցի խորհրդարանականները մտադիր են Խորհրդարանական վեհաժողովի գործընկերների հետ քննարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի եւ ծայրահեղական սպառնալիքների հակազդեցության հարցերը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով  ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Անատոլի Վիբորնիին։

«Անցյալ տարվա վերջին սրվել են ահաբեկչական եւ ծայրահեղական սպառնալիքները։ Դրանք, ի թիվս այլ խնդիրների, այսօր մեր ուշադրության կենտրոնում ավելի արդիական են։ Այդ պատճառով ՀԱՊԿ ձեռնարկած միջոցների թվում քննարկվող հարցերից առաջինը կլինի միջազգային ահաբեկչության դեմ պայքարի եւ ծայրահեղական սպառնալիքների հակազդեցության խնդիրը»,- ասել է պատգամավորը։

Նա նշել է, որ անդրադարձ կկատարվի նաեւ Հայաստանի նախագահությամբ ընթացիկ տարում ՀԱՊԿ աշխատանքների առաջնահերթության հարցին։