Հայաստանի նոր ընտրական օրենսգիրքը կարող է ավելի ժողովրդավարական լինել՝ ի համեմատություն գործող օրենսդրության, այսինքն՝ կարող են որոշակի առավելություններ լինել։ Այս մասին մարտի 2-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։

Նա նշել է, սակայն, որ եթե իշխանությունները քաղաքական կամք չունենան, ապա  այդ տեսական առավելությունների իրականացման ճանապարհին խնդիրներ կառաջանան։ «Մենք միշտ ինչ-որ բան ենք բարեփոխում՝ Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը, սակայն ընտրական գործընթացը դրանից չի բարելավվում։ Այսպես կոչված «դրական» փոփոխությունն այն է, որ Հայաստանում այս տարիների ընթացքում բացահայտ բռնությունը վերածվել է գաղտնի, ավելի մեղմ բռնության»,- ասել է Սեդրակյանը։

Նշելով, որ ՎԵնետիկի  հանձնաժողովը անգլերենով հրապարակել է Հայաստանի նոր ընտրական օրենսգրքի նախագիծը՝ նա իր համար մի քանի անընդունելի դրույթ է առանձնացրել. «Ի՞նչ է նշանակում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կարող են մասնակցել Հայաստանում գրանցված մարդիկ։ Դա շատ անորոշ ձեւակերպում է։ Կարող են լինել շատ գրանցված մարդիկ եւ ավելացնել ընտրողների թիվը։ Երկրորդ խնդիրն, իհարկե, ընտրողների ցուցակների հրապարակումն է»։