Երեւանում տաքսու վարորդները պետք է ատեստացիա անցնեն։ Այս մասին մարտի 2-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է Հայաստանի տաքսի ծառայությունների միության նախագահ Վահագն Սահակյանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ստուգել, թե վարորդը որքան լավ գիտի քաղաքը, եւ այն, թե նա քրեական առումով վտանգ ներկայացնում է, թե ոչ։ Այսօր այն մասին, թե վարորդն արդյոք դատվածություն ունի, թե ոչ թմրամոլ է, թե ոչ եւ այլն, հարցնում են արտոնագիր տալուց առաջ, սակայն բառացի վարորդից։ «Նրանց մոտեցումը հետեւյալն է՝ դե եթե ասում ես, որ թմրամոլ չես, ուրեմն չես։ Մնացածը հետո կտեսնենք։ Թե որքանով է դա ապահով, ինքներդ դատեք»,- դժգոհել է Սահակյանը։
Ինչ վերաբերում է քաղաքը լավ ճանաչելուն, ապա փողոցները եւ նրբանցքները ճանաչելու քննություն հանձնում են անգամ Եվրոպայում, որտեղ վաղուց կան նավիգացիոն համակարգեր, որոնք հուշում են ամեն քայլը»,- ասել է Սահակյանը։ Նրա կարծիքով նման քննությունը չէր խանգարի նաեւ Երեւանում։
«Իհարկե տաքսիները սոցիալական խնդիր են լուծում, նրանցից շատերի համար դա վաստակելու հնարավորություն է։ Սակայն դրանից տուժում է որակը, եւ պակասում է պրոֆեսիոնալ տաքսիստների աշխատավարձը»,- ասել է նա։




























