ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում է քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) սանկցիայից հանել տուգանքը՝ որպես պատժատեսակ եւ թողնել միայն 2-3 տարով ազատազրկման ձեւով պատիժը:
Այս առնչությամբ, նրա տարածած հաղորդագրությունում ասվում է.
«Նախագծի մշակման համար հիմք է եղել այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում անցկացված բոլոր քվեարկություններից, այդ թվում նաեւ վերջին սահմանադրական հանրաքվեից հետո 153-րդ հոդվածով մեղադրվող անձանց նկատմամբ մշտապես պատիժ է նշանակվում 500.000-600.000 ՀՀ դրամի չափով տուգանք: Նշված սանկցիան համարժեք չէ այլ քաղաքացիների քվեները գողացող եւ դրանով ժողովրդավարության դեմ ոտնձգող անձանց կատարած հանցանքին: Քաղաքացու այդ սահմանադրական իրավունքը խախտողների դեմ պետք է կիրառվի արժանի պատիժ՝ բացառապես ազատազրկման ձեւով:
Ակնհայտ է, որ հանցագործության բացահայտման դեպքում, երբ որպես պատիժ կիրառվում է տուգանք, այդ գումարը վճարվում է հանցանքի «պատվիրատուի» կողմից: Այսպիսով, իրավախախտման հեղինակը որեւէ անձնական պատասխանատվության իրականում չի ենթարկվում:
Նախագծի ընդունման պարագայում մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու մտայնություն ունեցող քաղաքացին կգիտակցի, որ իր հանցանքի բացահայտման դեպքում նա անձամբ է կրելու իր պատիժը եւ որ այն լինելու է բավականաչափ խիստ, ինչը չի կարող ազդեցություն չունենալ խնդրո առարկա հոդվածով հանցագործությունների նախականխման գործում»:





























