Երեւանի փողոցներում աղբարկղեր են գողանում, այրում. ոստիկանության օգնությամբ պետք է հայտնաբերել ու հասարակությանն ի ցույց դնել նման արարք կատարողներին: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նշվել է, որ 2016թ. անելիքների շարքում մատնանշվել է բնակչության հետ մշտական աշխատանք տանելու անհրաժեշտությունը՝ հատկապես չսահմանված վայրում աղբ թափելու, ինչպես նաեւ քաղաքային գույքը վնասելու արատավոր երեւույթների բացառման հարցում:

«Չթույլատրված վայրերում աղբ թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքը դեռեւս հեռու է բավարար լինելուց, եւ այս ուղղությամբ ակնկալում եմ արմատական տեղաշարժ: Որպեսզի յուրաքանչյուրը գիտակցի, որ նման քայլ կատարելը հանգեցնում է նաեւ տուգանքի տեսքով նյութական պատասխանատվության, անհրաժեշտ է կոնկրետ օրինակներով դա ցույց տալ: Աղբարկղեր են գողանում, այրում. ոստիկանության հետ պետք է ավելի սերտ աշխատել եւ հայտնաբերել ու հասարակությանն ի ցույց դնել նման արարք կատարողներին: Մեկ, երկու ու, վստահ եմ, այլեւս չեն համարձակվի նման կերպ վարվել քաղաքի հետ»,- նշել է Տարոն Մարգարյանը: