Երեւանում համատիրությունների մասով աշխատանքը խիստ անբավարար է: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ իր դժգոհությունը հայտնելով համատիրությունների աշխատանքից` Երեւանի քաղաքապետը  կարեւորել է հանրությանը հատկապես համատիրությունների գործառույթների ու պարտականությունների ճիշտ ներկայացումը:

«Այս կառույցները ստեղծվել են ոչ միայն բնակչին, այլեւ մեզ օժանդակելու համար: Բնակիչները բավարար վստահություն չունեն համատիրությունների աշխատանքի նկատմամբ. գիտե՞ք ինչու, որովհետեւ համատիրության լուծելիք հարցերը հիմնականում չեն լուծվում: Ավելին, դրանք հիմնականում դարձել են միայն տեղեկանք տվող ու քաղաքացու մատից փուշ չհանող կառույց. գումարներ հավաքագրելիս են միայն պահանջատեր, բայց մոռանում են, որ բնակիչն էլ իրենցից ունի պահանջներ ու առաջին հերթին հենց նրանց պետք է հաշվետու լինեն: Համատիրության յուրաքանչյուր աշխատակից պետք է հստակ իմանա իր գործառույթն ու բարեխղճորեն կատարի այն»,- ընդգծել է քաղաքապետն ու նկատել, որ համատիրության արդյունավետ կառավարումը տեղերում շատ հարցեր կլուծի: