Հայաստանի ոստիկանությունը շարունակում է տաքսու վարորդների փոխարեն ծառայությունների տնօրեններին տուգանել: Այս մասին մարտի 2-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի տաքսի ծառայությունների միության նախագահ Վահանգն Սահակյանը:
Նրա խոսքով, նման արատավոր պրակտիկան շարունակվում է, ընդ որում եթե առաջ, տուգանքի մասին ծանուցագիրը տաքսի ծառայությանն ուղարկելով՝ Ոստիկանությունը գոնե ճշտում էր, թե ով էր նստած ղեկի մոտ խախտման պահին, ապա հիմա դա էլ չի անում, պարզապես տուգանում է տնօրենին: Տուգանքը չվճարելու դեպքում էլ ծառայության ունեցվածքի վրա կալանք է դրվում: Վերջին ժամանակներս դրանից եւս 1-2 տաքսու պարկ է տուժել: «Միեւնույն ժամանակ այբուբենային ճշմարտություն է, որ տուգանքը անհատական պատժամիջոց է ու չի կարելի մարդուն մեկ ուրիշի փոխարեն պատժել միայն փող ստանալու նպատակով: Տուգանքը չպետք է լինի գանձարանը համալրելու միջոց, այն պետք է կարգուկանոն հաստատելուն ծառայի»,- նշել է Սահակյանը:





























