Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների շփումը դեռ չի նշանակում, որ նրանք մտադիր են  համատեղ մասնակցել 2017 թ. խորհրդարանական ընտրություններին: Այս մասին մարտի 2-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, որը խորհրդարանի նեկա կազմում մանդատ է ստացել «Հայ ազգային կոնգրեսի» ցուցակով:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով մասնակցելու հավանականությանը, հաշվի առնելով որ նախօրեին նա Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ էր դնում ԲՀԿ ներկայացուցիչների հետ՝ պատգամավորը շեշտել է «Ոչինչ բացառել չի կարելի: Ես կարող էի 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակը հարգել նաեւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ ամեն ինչ մեկ ամսում կարող է փոխվել, կարող են նոր միություններ ձեւավորվել»: Բայց առայժմ ոչ մի որոշակի բան չկա, շարունակել է Սարգսյանը: «Կան միայն մարդկային ու քաղաքական հարաբերությւոններ, համագործակցություն որոշակի հարցերի շուրջ՝ այդ թվում Հայ ազգային կոնգրեսի հետ»,- հավելել է պատգամավորը:

Լեւոն Տեր Պետրոսյանի նախկին համախոհը չի պարզաբանել, թե որքանով հարմարավետ  իր համար կլիներ իր հնարավոր մասնակցությունը գալիք ընտրություններին «Բարգավաճ Հայաստանի» հետ, մինչդեռ ԲՀԿ-ն 2008 թ. սուր ներքաղաքական ճգնաժամի ժամանակ, որը նաեւ մարդկային զոհերի պատճառ դարձավ, իշխանությունների՛ կողմից էր: