Դերասան Վարդան Պետրոսյանը պատրաստ է իր մասնակցությամբ ավտովթարից տուժած կողմին փոխհատուցում տալ, միայն թե երկու կողմերն ընդհանուր հայտարարի գան: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Վարդան Պետրոսյանը պատրաստ է տուժող կողմին որեւէ գումար վճարել, որպեսզի համաձայնություն կնքվի եւ դադարեցվի դատավարությունը: Եթե տվյալ պրոբլեմը կարելի է ֆինանսական ճանապարհով լուծել, կարծում եմ, որ դատական քաշքշուկի իմաստ չկա»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարից տուժած կողմը փետրվարի 3-ին Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի Վարդան Պետրոսյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը հանվի:
Նշենք, որ դերասանի գույքը եւ դրամական միջոցները կալանքի տակ են վերցվել հենց տուժող կողմի պահանջով։ Մասնավորապես, Հակոբյանները պահանջում են, որ Վարդան Պետրոսյանը փոխատուցի տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերը եւ փաստաբան Ռուբեն Բալոյան ծառայությունների դիմաց իրենց վճարած գումարը, որը, ըստ ներկայացված քաղհայցի, կազմում է 3 մլն 400 հազար։
Հիշեցնենք, որ երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի համար մեղավոր ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը 2015թ. սեպտեմբերի 2–ից պատիժը կրում է բաց ռեժիմով, ինչը ենթադրում է, որ առավոտյան ժամը 8-ից դուրս է գալիս ՔԿՀ–ից եւ մինչեւ 20:00–ն պետք է կրկին ներսում լինի: Այդ ընթացքում դերասանը երկրի ներսում ազատ տեղաշարժման իրավունք ունի, իսկ հանգստյան օրերին պետք է լինի կալանավայրում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ 16–ամյա Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, որից երեք տարին պատիժը կկրի բաց ռեժիմով:




























