Վայոց Ձորում երկու տարեց կնոջ սպանության մեջ մեղադրվող անչափահաս Նարեկը մեղսունակ է ճանաչվել:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Նարեկը Երեւանի «Նորք» հոգեբուժական կլինիկայում ենթարկվել էր դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության: Օրեր առաջ ստացվել է փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն, նա մեղսունակ է:

Հիշեցնենք, որ Նարեկը տարիներ առաջ զինվորական ծառայության մեկնելու համար Երեւանում հետազոտություն էր անցել, եւ պարզվել էր, որ մտավոր հետամնաց է: Այդ պատճառով էր դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքնություն նշանակվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անչափահասներ Նարեկն ու Սմբատը մեղադրվում են 2015թ. հոկտեմբերի 21-ին Եղեգնաձորի 91-ամյա բնակչուհի Վ. Սիմոնյանին, ապա երեք օր անց էլ Վերնաշեն գյուղի 87-ամյա բնակչուհի Գ. Բարսեղյանին սպանելու եւ ոսկյա ականջօղերը հափշտակելու մեջ:

Պատանիները տվել են խոստովանական ցուցմունք: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի եւ 8-րդ կետերով (Շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն): Նարեկն ու Սմբատը կալանավորված են: