Վերջին տարիներին Հայաստանի եւ Եգիպտոսի փոխհարաբերություններն ակտիվ զարգանում են: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաչապետը շնորհավորել է դիվանագետին՝ Հայաստանում Եգիպտոսի դեսպան նշանակվելու առթիվ եւ մաղթել բեղմնավոր աշխատանք: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին երկու բարեկամ երկրների փոխհարաբերություններն ակտիվ զարգանում են, եւ առկա է մեծ ներուժ՝ հայ-եգիպտական կապերը սերտացնելու եւ ընդլայնելու համար:

Դեսպան Մաաթին նշել է, որ պատվով է ստանձնում Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ բարեկամական կապերն ամրապնդելու հանձնառությունը եւ պաշտոնավարման ընթացքում կգործադրի առավելագույն ջանքերը՝ փոխշահավետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Նա վարչապետ Աբրահամյանին է փոխանցել Եգիպտոսի վարչապետի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:

Անդրադառնալով հայ-եգիպտական փոխգործակցության խորացման հեռանկարներին՝ զրուցակիցները կարեւորել են բարձրաստիճան փոխայցերը, քաղաքական ակտիվ երկխոսությունը, միջկառավարական եւ միջխորհրդարանական ձեւաչափերով հաճախակի շփումներն ու փոխգործակցությունը: Երկկողմ եւ բազմակողմ առեւտրատնտեսական կապերի աշխուժացման համատեքստում վարչապետը եւ Եգիպտոսի դեսպանն ընդգծել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության կարեւորությունը եւ քննարկել ընթացիկ տարում հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանը վերաբերող մանրամասներ:

Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում պաշտոնավարման ընթացքում դեսպան Մաաթին իր նպաստը կբերի երկու երկրների միջեւ համագործակցության առավել զարգացմանն ու ընդլայնմանը: