Մարտի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի եւ բանակային զորամիավորումների հրամանատարների մասնակցությամբ: Խորհրդակցությունը նվիրված էր զինված ուժերի կառավարման խնդիրների եւ կիրառման պլանների քննարկմանը, զինծառայության անվտանգության կանոնների պահպանման ու զինված ուժերի մարտունակության բարձրացմանը միտված քայլերի ու միջոցառումների իրականացման ընթացքին:
Խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորել է զինված ուժերի մարտունակության եւ զինանձնակազմի պատրաստության շարունակական ամրապնդմանը միտված միջոցառումների, առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների անվտանգության ապահովման եւ ծառայություն արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի անհրաժեշտությունը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է նաեւ, որ չափազանց կարեւոր է ուշադրություն դարձնել ամրաշինական կառույցների ամրապնդման, սպառազինության անվտանգ շահագործման հարցերին եւ նշել, որ այդ առումով 2016 թվականին հետեւողական աշխատանք է տարվելու:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն իր հերթին խորհրդակցության մասնակիցների հորդորել է առանձնակի ուշադրության դարձնել զորամասերում զինտեխնիկայի պահպանման պայմաններին եւ մարտական պատրաստության խնդիրներին: Ընդգծելով, որ հակառակորդի հնարավոր գործողությունները կանխարգելելու գրավականը հայկական զինված ուժերի մարտական պատրաստության եւ պատրաստվածության բարձր աստիճանն է, ԶՈՒ ԳՇ պետը շեշտել է, որ յուրաքանչյուր զինծառայողի պարտքն է ընթացիկ ուսումնական տարին ծառայեցնել ի նպաստ ազգային բանակի մարտական պատրաստության աստիճանի շարունակական բարձրացման:
Ընդհանուր առմամբ բարձր գնահատելով ընթացիկ եւ հաշվետու ժամանակահատվածում իրականացված պլանային եւ արտապլանային աշխատանքները՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը խորհրդակցության մասնակիցներին տվել են անհրաժեշտ ցուցումներն ու հրահանգները, ներկայացրել են կիրառման պլաններին առնչվող մի շարք դիտարկումներ:





























