ԱԱԾ կողմից վնասազերծված «զինված խմբի» գործով կալանավորված, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի, փետրվարի 15-ին վրաերթի ենթարկված կինը՝ Բուրաստան Խաչատրյանը, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, NEWS.am-ին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բուրաստան Խաչատրյանը վրաերթի հետեւանքով ստացել էր գանգուղեղային վնասվածք, թոքերի այտուց, ծնկան հոդում կոտրվածք:
Վահան Շիրխանյանի կինը հիվանդանոց է տեղեափոխվել փետրվարի 15-ի առավոտյան՝ վրաերթի ենթարկվելուց անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:




























