Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի 2016թ. «Տարվա լավագույն ներդրումային բանկ» «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից:
Ամսագրի խմբագիրները ոլորտի փորձագետների հետ միասին հաշվարկել են մասնակիցների ընդհանուր գնահատականը եւ որոշել հաղթողներին՝ առաջնորդվելով մի շարք չափանիշներով, որոնց թվում են` շուկայի մասնաբաժինը, գործարքների քանակը եւ ծավալը, սպասարկման որակը, մատուցվող խորհրդատվությունը, շուկայի պայմաններին բավարարող լուծումներ առաջարկելը, նորարարությունը, սակագները եւ այլն: Հաշվի են առնվել նաեւ 2015թ. հայտարարված կամ կնքված գործարքները:
Ամերիաբանկի Ներդրումային բանկային ծառայությունների գծով տնօրեն Առնո Մոսիկյանը նշեց. «Մեզ համար մեծ պատիվ է «Global Finance» ամսագրի կողմից ճանաչվել Հայաստանի լավագույն ներդրումային բանկ: Մեր հաջողությունների գրավականը յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերած անհատական մոտեցումն է, նորարարություններով շարունակաբար հանդես գալը, պրոֆեսիոնալ աշխատակազմի առկայությունը, ռիսկերի հավասարակշռված կառավարումը: Այս ամենը մեզ օգնել են ունենալ մրցակցային առավելություններ, ձեռք բերել հաճախորդների վստահությունը, նրանց հետ ստեղծել երկարաժամկետ եւ արդյունավետ համագործակցություն»:
Նշենք, որ Ամերիաբանկը մատուցում է ներդրումային բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ, մասնավորապես` փայատիրական եւ պարտքային ֆինանսավորման ներգրավման, բաժնետոմսերի, պարտատոմսերի, ինչպես նաեւ այլ արժեթղթերի հետ կապված ծառայություններ` պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման կազմակերպումից մինչեւ երկրորդային շուկայում իրացվելիության ապահովում (մարքեթ մեյքինգ) եւ շուկայի համապարփակ վերլուծություն: Բանկը նաեւ մատուցում է ձեռքբերումների եւ միաձուլումների ծառայություններ, որոնք ներառում են ընկերությունների գնահատում, ընկերությունների առքի եւ վաճառքի, միաձուլումների ընթացքում բաժնետերերին խորհրդատվության տրամադրում, ռազմավարական ներդրողների ներգրավում եւ կորպորատիվ ֆինանսների ոլորտի այլ ծառայություններ:




























