10-ամիս առաջ բանակ զորակոչված եւ նոյեմբերի 6-ին հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ տեղափոխված, Երեւանի 19-ամյա բնակիչ Արթուր Հակոբյանի հարազատները դժգոհ են գործի նախաքննությունից: NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Հակոբյանի մորաքույրը` Ռիտա Հակոբյանը, նշեց, որ դեպքից արդեն չորս ամիս է անցել եւ ստորադասին ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրգործով դեռ ոչ ոք որպես մեղադրյալ չի ներգրավվել չնայած պարզ է, որ Արթուրին դաժանաբար ծեծել է գումարտակի հարբած հրամանատար Ջիվան Մկրտչյանը:
«Ինչքան զանգում եմ նորմալ բան չեն ասում, անընդհատ ձգձգում են, արդեն 4 ամիս ա նախաքննություն ա ընթանում: Արթուրը լուրջ խնդիրներ ունի հիմա, տանն է, բայց անընդհատ ուշադիր ենք, որ պատուհանը չբացի, իրեն չգցի: Երեխու մոտ ծեծի հետեւանքով լուրջ առողջական խնդիրներ են առաջացել, էս վերջերս էլ անընդհատ ուշագնաց ա լինում: Ես ահավոր դժգոհ եմ նախաքննությունից, ոնց որ ամեն ինչ անեն, որ չբացահայտվի գործը, էդ Ջիվանը ազատության մեջ իր համար ֆռֆռում, աշխատանքի է գնում: Ես ամեն ինչ անելու եմ, մինչեւ վերջ գնալու եմ, որ մեղավորները բացահայտվեն ու դատվեն»,-ասաց Ռիտա Հակոբյանը:
Նշենք, որ Ռիտա Հակոբյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Արթուրը մինչեւ բանակ մեկնելը ոչ մի հոգեկան խնդիր չի ունեցել, նրան բանակում ծեծել են, որի պատճառով էլ վախեցել, հոգեկան խնդիրներ է ձեռք բերել եւ տեղափոխվել հոսպիտալ:
Արթուրը պնդում է, որ իրեն ծեծել է գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանը:
Նշենք, որ ստորադասին ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրգործով Արթուրը տուժող ճանաչվել, սակայն դեռ ոչ ոք որպես մեղադրյալ չի ներգրավվել:




























