Ռուսաստանի Պենզայի մարզում ճանապարհա-տրանսպորտային խոշոր պատահարի հետ կապված երկրորդ քրեական գործն է հարուցվել: Այս մասին հաղորդել է ՆԳՆ մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

«ՃՏՊ-ի փաստով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 264 հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով, այն է՝ «Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան»,- ասված է հաղորդագրությունում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս հոդվածով մինչեւ 7 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում:

Պենզայից Ուլյանովկս ուղեւորվող Mercedes մակնիշի երթուղային միկրոավտոբուսն ու բելառուսական համարանիշերով Mercedes մակնիշի բեռնատարը բախվել են Պենզայի մարզի Բեսոնովսկի շրջանի մայրուղում:

Վթարի հետեւանքով 9 մարդ է զոհվել, 3 հոգի, այդ թվում՝ մեկ երեխա, վնասվածքներ է ստացել: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ «Կյանքի եւ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասնող ծառայությունների մատուցման» հատկանիշներով: