«Ռոսնեֆթ» ընկերությունն առաջարկում է Ռուսաստանում կրճատել նավթի արդյունահանումը՝ համաշխարհային շուկան հավասարակշռելու համար: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոլորտի աղբյուրներին:
Դրանց համաձայն, սա արդյունահանումը նվազեցնելու մասին «Ռոսնեֆթ»-ի առաջին առաջարկությունը չէ: «Պետական ընկերության նավթի արդյունահանումը նույնպես անկում է ապրում, եւ այս առաջարկները քաղաքական միավոր վաստակելու լավ միջոց են: «Ռոսնեֆթ»-ն առաջարկում է նվազեցնել արդյունահանումը, քանի որ այս տարի սեփական արտադրության բնական անկում է ակնկալում»,- նշել են աղբյուրները:
Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության տվյալներով, «Ռոսնեֆթ»-ի արդյունահանումն անցյալ տարի կրճատվել է շուրջ 1%-ով, չնայած ընդհանուր առմամբ ոլորտում 1.4%-ով աճ է արձանագրվել: 2016 թվականի հունվարին պետական ընկերության արտադրությունը, նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկել է 1%-ով՝ հասնելով 15.98 մլն տոննայի, փետրվարին «Ռոսնեֆթ»-ի արդյունահանումը կազմել է 14.96 մլն տոննա:
Ըստ ՌԲԿ-ի, պետական ընկերության ներկայացուցիչ Միխայիլ Լեոնտեւը հրաժարվել է մեկնաբանություններից:




























