Բաքվում կկայանա ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Ըստ պարբերականի՝ բանակցությունների հիմնական թեման է դառնալու երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության կարգավորումը, որտեղ «Կոմերսանտի» տեղեկություններով, վերջերս խնդիրներ են առաջացել: Էներգառեսուրսների գների անկման պատճառով Բաքուն ի վիճակի չէ վճարել զինամթերքի այն պայմանագրերը, որոնք մինչ այդ էր կնքել: Բացառված չէ նաեւ, որ ադրբեջանցի բանակցողները կբարձրացնեն Հայաստանին ռուսական զենքի մատակարարումների հարցը:

Ինչպես պատմել են զենքի արտահանմանը մասնակցություն ունեցող աղբյուրները, «Ռոսօբորոնէքսպորտի», Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) ղեկավարության ներկայացուցիչները, նաեւ Դմիտրի Ռոգոզինը Մոսկվայից Բաքու են մեկնել երեկ ուշ երեկոյան, այդ ուղեւորությունը «հատուկ բնույթի է» ու նախապես ծրագրված չէր: «Արտահանման պայմանագրերի վերաբերյալ բարդություններ են առաջացել, որոնք պետք է լուծվեն բարձր մակարդակում»: Ակնկալվում է, որ նախ «Ռոսօբորոնէքսպորտի» եւ ՌՏՀԴԾ-ի չինովնիկները կբանակցեն ադրբեջանցի զինվորականների հետ, իսկ հետո զրույցը կշարունակվի Իլհամ Ալիեւի ու Դմիտրի Ռոգոզինի մակարդակով:

Աղբյուրների տվյալով, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանի ու Ադրբեջանի հիմնական խնդիրները կապակցված են զենքի այն պայմանագրերին, որոնք մի քանի տարի առաջ էին կնքվել: Հիմնական դժվարությունը Ադրբեջանի մոտ փողի բացակայությունն է: