ՌԴ-ն առճակատման չի ձգտում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Եվրամիության, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի հետ, հակառակը՝ Ռուսաստանը բաց է արեւմտյան գործընկերների հետ ամենալայն փոխգործակցության համար, հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Կրկնում եմ՝ մենք չենք ձգտում առճակատման ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Եվրամիության, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի հետ: Հակառակը՝ Ռուսաստանը բաց է արեւմտյան գործընկերների հետ ամենալայն փոխգործակցության համար : Առաջվա պես համարում ենք, որ եվրոպական մայրցամաքում ապրող ժողովուրդների շահերի ապահովման լավագույն միջոցը կլիներ տնտեսական ու հումանիտար ընդհանուր տարածքի ձեւավորումը, որը կձգվեր Ատլանտիկայից մինչեւ Խաղաղ օվկիանոս, որպեսզի վերջերս ձեւավորված Եվրասիական տնտեսական միությունը կարողանար կապող օղակ դառնալ Եվրոպայի ու Ասիական խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջեւ : Ձգտում ենք անել մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի հաղթահարենք այս ճանապարհին բոլոր խոչընդոտները՝ այդ թվում մինսկյան պայմանավորվածությունների հիման վրա ուկրաինական ճգնաժամի կարգավորումը»,- ասված է Լավրովի հոդվածում, որը հրատարակվել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ուզում եմ վկայակոչել փորձառու եւ իմաստուն քաղաքական գործիչ Հենրի Քիսինջերին , որը վերջերս ելույթ ունենալով Մոսկվայում, ասաց, որ «Ռուսաստանին պետք է դիտարկել որպես ցանկացած գլոբալ հավասարակշռության արմատական տարր, այլ ոչ թե որպես սպառնալիք նախեւառաջ ԱՄՆ-ին ... Ես կողմ եմ երկխոսությանը՝ հանուն մեր ընդհանուր ապագայի ապահովման, այլ ոչ թե տարաձայնությունների խորացման: Դրա համար պետք է երկու կողմերն էլ հարգեն միմյանց կենսական արժեքները ու շահերը»: Մենք հենց այս մոտեցման կողմնակիցն ենք : Եվ շարունակում ենք միջազգային հարցերում պաշտպանել իրավունքի ու արդարության սկզբունքները»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:





























