Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ֆասադը պահպանվելու է, չի քանդվելու, ապամոնտաժվելու է միայն դրա կողքին 1990թ. կառուցված շենքը: Այս մասին այսօր` փետրվարի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «SGI» ինվեստ ՍՊԸ տնօրեն Զորիկ Բալայանը:
«Սխալ պատկերացում է ստեղծվել հասարակության շրջանում, որ քանդվելու է Իսահակյանի անվան նախկին գրադարանի շենքի պահպանված ֆասադը, ես վստահեցնում եմ, որ այն պահպանվելու է եւ քանդվելու է միայն դրա կողքին կառուցված մասնաշենքը: Հուշարձաններ քանդելը սխալ տենդենց է, քաղաքը պետք է դեմք ունենա, որը հուշարձաններն են, նորը պետք է հնով ֆիքսված լինի»,-ասաց նա:
Ամիրյան 2 հասցեում կառուցվող շենքի ճարտարապետ Իսահակ Ներսիսյանն էլ նշեց, որ ճարտարապետական ճիշտ լուծում է տրվել, որպեսզի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ֆասադը գեղեցիկ նայվի նոր կառուցված շենքի հետ:
«Որպես ճարտարապետ, իմ հիմնական խնդիրը եղել է Երեւան քաղաքին համահունչ ճակատ կառուցել եւ պահպանել հուշարձանային շենքը: Պետք է այնպիսի լուծում տալ, որպեսզի այդ հին շենքը չճնշվի: Հողատարածքը կառուցապատման համար շատ բարդ է, քանի որ երկու հուշարձան կա այդ տարածքում` մեկը նախկին Իսահակյանի գրադարնի շենքն է, մյուսը դրա բակային հատվածում գտնվող շենքը: Արական գիմնազիայի հուշարձան շենքն է դա, որը տարիների ընթացքում բազմաթիվ վերակառուցումների է ենթարկվել եւ այժմ ունենք հուշարձանի պահպանման շատ փոքր մասը: Իսկ Իսահակյանի անվան նախկին շենքի ֆասադը չի քանդվում, քանդվողը նոր կառուցված շենքն է, որը նույն սեւ տուֆով է կառուցված: Անգամ ճարտարապետներն էլ չեն կարողանում միանգամից կողմնորոշվել եւ հասկանալ դա հուշարձան է, թե ոչ»,-ասաց նա:




























