Երեւանի «Մարգարյան» հիվանդանոցում կատարված վիրահատությունից 14 օր անց «Էրեբունի» ԲԿ-ում սեպտեմբերի 1-ին մահացած 39-ամյա Կարինե Աղաբեկյանի գործով հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի առաջին նիստն արդեն կայացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Խաչիկյանը:

«Առաջին նիստին մենք էլ ենք մասնակցել, տարբեր հարցեր են բարձրացվել: Մենք նույնպես լրացուցիչ հարցեր ունեինք: Հաջորդ նիստը նշանակված է մարտի 14-ին: Հանձնաժողովի անդամների հետ կապված որեւէ խնդիր այս փուլում չենք տեսնում»,- ասաց Արթուր Խաչիկյանը:

Փաստաբանի խոսքով՝ արդեն կա բժիշկների այն շրջանակը, որոնք տուժող կողմի կարծիքով բժշկական սխալ են թույլ տվել. «Առայժմ կասկածյալների շրջանակը «Մարգարյան» հիվանդանոցից է: «Էրեբունի» բժշկական կենտրոնի անձնակազմի վերաբերյալ այս պահին որեւէ բողոք չունենք»:

Հիշեցնենք, որ ըստ դատաբժշկական փորձաքննության՝ Կարինե Աղաբեկյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից, որն էլ պայմանավորված է եղել արգանդի միոմայի հեռացումով, զարգացած թոքերի այտուցով, որովայնի հատումով եւ այլ գործոններով:

Ավելի վաղ 3 երեխայի մայր Կարինե Աղաբեկյանի հարազատները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էին, որ կնոջ մահվան մեջ մեղավոր են բժիշկները:

«40 րոպեանոց վիրահատությունը կատարեցին 7-8 ժամում, հետո էլ ասին, թե տեղափոխեք «Էրեբունի»: Տեսան, որ էլ չեն կարողանում պայքարել, տեղափոխեցին էնտեղ»,- ասել էին նրա հարազատները:

14 օր անց Կարինե Աղաբեկյանը մահացել էր «Էրեբունի» ԲԿ-ում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: