ՀՀ Միգրացիոն պետական ծառայությունը դեռեւս որոշում չի կայացրել՝ ապաստան տրամադրե՞լ հայ-թուրքական սահմանը 2015թ. հոկտեմբերին հատած, Աֆղանստանի քաղաքացիներ, ազգությամբ թուրք Շոքաթ Ամինզային եւ աֆղան Սեդիղոլլահ Ալիզադեին, թե ոչ: Այս մասին NEWS.am-ին ասաց նրանց փաստաբան Լուիզա Հարությունյանը:

«Իմ պաշտպանյալները դեռեւս հոկտեմբերին դիմել էին Միգրացիոն պետական ծառայությանը, որը ապաստան եւ կացարան ստանան: Առ այսօր որեւէ պատասխան չենք ստացել: Այդ պատճառով էլ դատաքննությունը հետաձգվել է անորոշ ժամանակով»,- ասաց Լուիզա Հարությունյանը:

Եթե հայաստանյան կողմը որոշի ապաստան տրամադրել Աֆղանստանի քաղաքացիներին, չի բացառվում, որ քրեական գործը կարճվի:

Հիշեցնենք, որ սահմանը հատած Ամինզան ու Ալիզադեն իրենց ցուցմունքներում նշել են, որ իրենց երկրից են փախել եւ հայտնվել են երրորդ երկրում, նույնիսկ սկզբում չեն իմացել, թե որ երկրի սահմանն են հատում:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Շոքաթ Ամինզային նախնական համաձայնության է եկել Սեդիղոլլահ Ալիզադենի հետ եւ հոկտեմբերի 6-ին հատել են հայ-թուրքական սահմանը, սակայն բռնվել են սահմանային ծառայություն իրականացնող աշխատակիցների կողմից:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: