Հայաստանի կառավարության, այսօր՝ մարտի 3-ին կայացրած որոշմամբ, Հովսեփ Սիմոնյանը նշանակվել է Շիրակի մարզպետ:

Մեկ այլ որոշմամբ, Գաբրիել Գյոզալյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետ:

Հարցը կառավարությունում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նրա խոսքով, Հովսեփ Սիմոնյանը մարզպետարանում ունի երկարատեւ աշխատանքային փորձ, տեղյակ է մարզի ընդհանուր տնտեսական, սոցիալական գործընթացներին, իսկ Գաբրիել Գյոզալյանը փորձառու քաղաքական գործիչ է:

Նշենք, որ այս նշանակումները տեղի են ունենում ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի շրջանակներում:

Շիրակի մարզպետի պաշտոնում դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը փոխարինեց Ֆելիքս Ցոլակյանին, իսկ Արագածոտնի մարզպետի պաշտոնում Գաբրիել Գյոզալյանը փոխարինեց Սարգիս Սահակյանին:

Նշենք նաեւ, որ Գյոզալյանը 2003-2009 թվականներին արդեն զբաղեցրել է Արագածոտնի մարզպետի պաշտոնը: