Լոռու մարզում պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու եւ նախկին ընկերոջ ընկերուհուն ինքնասպանության հասցնելու մեջ մեղադրվող Անի Բ.-ի գործով լրացուցիչ դատահամակարգչատեխնիկական եւ դատալուսանկարչական համալիր փորձաքննության եզրակացության ստացվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Անիի փաստաբան Տիգրան Սաֆարյանը:

«Եզրակացության ծանոթացման փուլում ենք: Եզրակացության հետ նաեւ լազերային սկավառակ կա, որը սակայն, դեռեւս մեզ չեն տրամադրել: Երբ վերցնենք սկավառակը, ուսումնասիրենք, այդ ժամանակ էլ կարող ենք խոսել եզրակացության բովանդակության մասին»,- ասաց Տիգրան Սաֆարյանը:

Դատաքննությունը վերսկսվելու է մարտի 11-ից:

Հիշեցնենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ.-ի սեպտեմբերին բավարարել էր ամբաստանյալի միջնորդությունը՝ լրացուցիչ դատահամակարգչատեխնիկական եւ դատալուսանկարչական համալիր փորձաքննություն նշանակելու մասին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Անի Բ.-ն 2013թ. հուլիսին տարածելու նպատակով պատրաստել է պոռնկագրական բնույթի նյութ: 2013թ. հուլիսից 2014թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում Անին պարբերաբար նվաստացրել է նախկին ընկերոջ ընկերուհուն՝ Մ. Ս.-ի անձնական արժանապատվությունը` տեղադրել եւ տարածել է հիշյալ պոռնկագրական բնույթի նյութը: Դրա հետեւանքով վերջինս 2013թ. նոյեմբերի 10-ին` ժամը 19:30-ի սահմաններում, ինքնասպան լինելու նպատակով փորձել է նետվել երրորդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից, սակայն նրան նկատել եւ բռնել է եղբայրը, կանխել ինքնասպանությունը:

Անի Բ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը) եւ 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը): Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: