Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, գիշերային շրջագայություն իրականացնելու ժամանակ, Աբովյան քաղաքի 4-րդ Միկրոշրջանի թիվ 30 շենքի առջեւ կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի մոտ նկատել են կասկածելի 4 անձանց, որոնք ոստիկաններին տեսնելով` դիմել են փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկաններին հաջողվել է բռնել եւ ժամը 04.30-ին բերման ենթարկել նրանցից մեկին` 21-ամյա Արամ Մ.-ին, ում մոտ հայտնաբերվել է 60-ամյա Աշոտ Պ.-ի «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի տեխանձնագիրը:
Բերման ենթարկվածը խոստովանել է, որ ժամը 03.30-ի սահմաններում իր 3 ընկերների` Ալիկի, Հակոբի եւ Սարգսի հետ միասին գողացել են ավտոմեքենայի տեխանձնագիրը, իսկ երբ փորձել են գողանալ նվագարկիչը, միացել է ահազանգման ազդանշանային համակարգը եւ գողությունն ավարտին չեն հասցրել:
Մարտի 1-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սարգիսը 22-ամյա Սարգիս Մ.-ն է, որը ոստիկանության Կոտայքի բաժնի եւ Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների կողմից նույն օրը, ժամը 18.30-ին, բերման է ենթարկվել Կոտայքի բաժին եւ խոստովանել, որ մի շարք ավտոմեքենաներից կատարել է գողություններ:
***
Ձեռնարկված միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Արամ Մ.-ն խոստովանել է, որ իր 3 ընկերների՝ Սարգիս Մ.-ի, Ալիկի եւ Հակոբի հետ Աբովյան քաղաքի փողոցներից մեկում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից փորձել են գողանալ նվագարկիչը եւ էլեկտրական մարտկոցը, սակայն միացել է ահազանգման ազդանշանային համակարգը եւ պատուհանից ձայն է տվել սեփականատերը, որից հետո իրենք դիմել են փախուստի:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան պատկանում է 29-ամյա Արտակ Ա.-ին:
***
Արամ Մ.-ն խոստովանել է նաեւ, որ Սարգիս Մ.-ի, Ալիկի եւ Հակոբի հետ Աբովյան քաղաքի փողոցներից մեկում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից գողացել են նվագարկիչը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է 1946 թ. ծնված Արամայիս Կ.-ին:
Արամայիս Կ.-ից ընդունվել է հաղորդում, վերջինիս պատճառվել է մոտ 35.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ալիկի եւ Հակոբի ինքնությունները պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:





























