Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքում էլեկտրոնային քվեարկության համակարգի բաղադրիչը (նախատեսված է ընտրական գործընթացի առաջին փուլի համար) թույլ կտա մեծացնել վստահությունն ընտրությունների նկատմամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով, էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ քաղաքացին չի կարող քվեարկել այն ընտարտեղամասում, որտեղ քվեարկելու իրավունք չունի: Պատգամավորը պարզաբանել է, որ ոչ ճիշտ ընտրատեղամասում քվեարկելու փորձի դեպքում կվառվի կանաչ լույսը, եւ էկրանին կհայտնվի քաղաքացու դեմքը: «Ի՞նչ կարեւոր խնդիրներ պետք է լուծել այս համակարգի ներդրումից առաջ: Անհրաժեշտ է քաղաքական կոնսենսուս, քանի որ այն, ինչ արվում է, արվում է վստահության աստիճանը բարձրացնելու համար: Այստեղ մարդկային գործոնը հասցվում է զրոյի: Ընտրակեղծիքների բոլոր հնարավորությունները կանխվում են այս համակարգի շնորհիվ»,-վստահեցրել է իշխող կուսակցության ներկայացուցիչը: