Հայաստանի ԱԺ ութերորդ նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորը «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն է, իսկ բացակայությունների ամենամեծ քանակը դարձյալ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանինն է: Այս մասին մարտի 3-ին «Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի մոնիտորինգ» ծրագրի արդյունքների քննարկման ընթացքում հայտնել է ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:
Նրա խոսքով ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը ամենաշատն է «կողմ» քվեարկել օրինագծերին, «Ժառանգություն» խմբակցությունը ամենաշատն է «դեմ» քվեարկել: «ՀՅԴ-ն ամենաշատն է «ձեռնպահ» մնացել: «Հայ ազգային կոնգրեսը» ամենաշատ բացակայություններն ունի, բայց այս ցուցանիշը պայմանավորված է նրանով, որ հանրաքվեից հետո ՀԱԿ խմբակցությունը որոշել էր բոյկոտել նստաշրջանի աշխատանքը»,- նկատել է Վասիլյանը: ՀՀ ԱԺ 8-րդ նստաշրջանի ընթացքում շարունակել է նա, 5 պատգամավոր բացակայել է քվեարկությունների մեծ մասից: «Դրանք են Գագիկ Ծառուկյանը, Հայկ Խաչատրյանը, Վարդան Օսկանյանը, Կարո Կարապետյանը ու Աշոտ Աղաբաբյանը, սակայն ԱԺ նախագահը նրանց բացակայությունը հարգելի է համարել»,- հավելել է Լուսինե Վասիլյանը:





























