Երեխայի սպանության մեջ մեղադրվող Գուլչեխրա Բոբոկուլովան անմեղսունակ մարդու տպավորություն է թողնում, դրա համար էլ նրա խոսքերին պետք է զգուշավորությամբ վերաբերել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ինձ ակնհայտ է թվում, չնայած ես կարող եմ եւ սխալվել, քանի որ ո՛չ փորձագետ եմ, ո՛չ էլ դատավոր, բայցեւայնպես ինձ ակնհայտ է թվում, որ խոսքը բոլորովին անմեղսունակ կնոջ մասին է»,- ասել է Պեսկովը: Նա հավելել է, որ ինքը ոչ համարժեք է համարում մահմեդականների ռմբակոծելու մասին նրա մեղադրանքները եւ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին նրա բառերը, հայտնում է Lenta–ն:
Կրեմլի ներկյացուցիչը հորդորել է չշտապել եզրակացությունների հարցում, քանի դեռ քննչությունը շարունակվում է: Նա նաեւ հավելել է, որ առաջվա պես համամիտ է դաշնային հեռուստաալիքների հետ, որոնք որոշել են չցուցադրել դայակ մարդասպանին վերաբերող տեսանյութեր:




























