Հայաստանի խորհրդարանի պատգամավորների մի  մասը առաջարկներ է ներկայացնում միայն, որպեսզի հաճելի լինի հասարակությանը։ Այս մասին մարտի 3-ին «Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի մշտադիտարկում» ծրագրի քննարկման ընթացքում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար, ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Շատ կարեւոր է, որ ցանկացած պատգամավոր՝ անկախ նրանից, թե ընդդիմադիր է կամ իշխանական, իմանա, որ պետք է իր առաջարկները մինչեւ վերջ հասցնի։ «Պատգամավորների մի մասը առաջարկներ է ներկայացնում միայն ներկայացնելու համար։ Նրանք հետեւողական աշխատանքներ չեն կատարում։ Արդյունքում հակազդեցության դեպքում նրանց համար պայքարի այլ միջոց չի մնա, քան դժգոհությունը, բոյկոտը եւ  համապատասխան հայտարարությունները։ Դա մեզ բոլորիս ուղղված մարտահրավեր է, որպեսզի հարցին լուծում տանք՝ սահմանադրական փոփոխություններից ելնելով։ Որպես իշխանությունը ներկայացող մարդ՝ ես կարծում եմ, որ մենք այդ առումով շատ աշխատանք ունենք անելու»,- ասել է Մինասյանը։