Երեւանում մարտի 3-ից մեկնարկել են «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող արտահերթ սանիտարական հիմնամաքրման աշխատանքները: Սանիտարական հիմնամաքրման աշխատանքները պայմանավորված են ձնհալից հետո մնացած կենցաղային աղբի կուտակմամբ, որը ձյան պայմաններում ամենօրյա սանմաքրման աշխատանքների ժամանակ հնարավոր չէր հավաքել: Արտահերթ աշխատանքները մեկնարկել են Կենտրոն վարչական շրջանի փողոցներից, մայթերից ու բակային տարածքներից եւ կշարունակվեն «Սանիթեք» ընկերության կողմից սպասարկվող մյուս վարչական շրջաններում:

Միաժամանակ մեկնարկել են «Սանիթեք» ընկերության աղբամանների լվացման աշխատանքները հատուկ տեխնիկայի օգնությամբ: Աղբամանների լվացման աշխատանքները եւս մեկնարկել են Կենտրոն վարչական շրջանից եւ համապատասխանաբար կշարունակվեն մյուս վարչական շրջաններում:

Նշենք, որ «Սանիթեք» ընկերությունը սպասարկում է մայրաքաղաքի 10 վարչական շրջաններին եւ օրական 800 տոննա աղբ է հավաքում: Ընկերությունը աղբահանությունը իրականացնում է շաբաթվա 7 օրերին՝ 24 ժամյա ռեժիմով, իսկ որոշ հատվածներում աղբահանությունն իրականացնում է օրվա ընթացքում 2 եւ ավելի անգամներ:

Ընկերությունը փողոցների եւ մայթեզրերի սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնում է գիշերային ժամերին՝ 12:00-ից մինչեւ 8:00-ն, իսկ բակերի սանիտարական մաքրում իրականացնում է ցերեկային ժամերին՝ 9:00-ից 18:00-ն: