Հայաստանում տուրիզմի զարգացմանն ու տուրիստների հոսքին մեծապես նպաստում են ազգային խոհանոցն ու հյուրընկալման ավանդույթները: Այս մասին այսօր` մարտի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հկ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Նրա խոսքով` վերջին տարիներին Հայաստանում կազմակերպված տոլմայի, խորովածի, ծիսական կերակրատեսակների փառատոները դեպի մեր երկիր նոր տուրիստների հոսք են ապահովել:
«Հատկապես համեղ խոհանոցը շատ կարեւոր է տուրիստներին գրավելու համար, քանի որ համի հիշողությունը մարդն ամենավերջինն է մոռանում»,- նշեց Սեդրակ Մամուլյանը:
«Ռոմէա գայթակղիչ ճանապարհորդությունների ակումբի» տնօրեն Ռուբեն Գրիգորյանի խոսքով` թեպետ 2015-ը որպես ն զբոսաշրջային տարի լարված էր եւ ներգնա տուրիզմի մասով որոշակի նվազում է նկատվել, այնուամենայնիվ, 2016թ.-ից սպասելիքները դրական են: Տնօրենը, աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված, այս տարի Հայաստան զբոսաշրջիկների մեծ հոսք է կանխատեսում:
«Զբոսաշրջությունը, ինչպես եւ փողերը, սիրում են հանգիստ, կայուն վիճակ, դրանով Հայաստանը գրավում է շատ մարդկանց: Այս տարի նաեւ Չինաստանից ենք մեծ թվով տուրիստներ սպասում, պայմանագիր ունենք նրանց հետ, եւ արդեն իսկ մեզ դիմել են շատ չինացիներ` Հայաստան այցելելու համար»,- ասաց Ռուբեն Գրիգորյանը:
Վերջինի խոսքով, հատկապես չինացի տուրիստներին ընդունելու մասով Հայաստանում լուրջ անելիքներ կան` կապված թարգմանիչների, զբոսավարների, հյուրանոցների աշխատակիցների եւ անգամ տուրիստներին առաջարկվող ճաշացանկերի հետ:
«Քանի հյուրանոցում եք տեսել չիներենով խոսող աշխատակից լինի, կամ չինարենով մենյու լինի: Դրանք մանր հարցեր են, որոնք արագ լուծում են պահանջում եւ շատ բան կարող են փոխել մեր երկրի զբոսաշրջության ոլորտում»,- նշեց Ռուբեն Գրիգորյանը:




























