2015 թվականի մարտի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայում քաղաքացի Ալյոշա Ա.-ն իր վարած «Տոյոտա-Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել եւ անզգուշությամբ մարմնական վնասվածքներ պատճառել Ռազմիկ Բ.-ին, ով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ եւ շուրջ մեկ տարի կատարվել նախաքննություն:
Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:




























