Փաստաբան Արա Զաքարյանը պնդում է, որ խարդախության համար դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով ՄԻԵԴ չի դիմել ոչ դիտավորյալ կամ ճնշումների ազդեցության տակ:
«Դիտավորություն չկա, ճնշումներ նույնպես չեն եղել»,- այսօր՝ մարտի 3-ին, լրագրողներին ասաց փաստաբանը՝ նշելով, որ շուտով ինքը հայտարարությամբ հանդես կգա:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանի ընկերները ահազանգել էին, որ փաստաբանի պատճառով ՄԻԵԴ բողոքը չի հասել, նա դատապարտվածի ընտանիքին վստահեցրել է, որ դիմել է, հետո խոստովանել, որ չի դիմել: Նա վերադարձրել է գումարը, Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանությամբ այժմ այլ փաստաբան է զբաղվում:
Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:
Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը 2014թ. հուլիսի 17–ին Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը:





























