ՀՀ ԱԺ-ն դարձել է Կառավարության կցորդը ֆինանսատնտեսական օրենքների ընդունման տեսակետից: Այս մասին մարտի 3-ին «Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի մոնիտորինգ» ծրագրի արդյունքների քննարկման ժամանակ հայտնել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, եթե 2012-2013թթ. խորհրդարանի ընդունած օրենքներում որոշակի տոկոս էին կազմում սոցիալական ու կրթական հարցերին վերաբերող օրենքները, ապա հիմա ֆինանսական բնույթի օրենքները 15 անգամ գերազանցում են վերոնշյալ ոլորտներին վերաբերող օրենքները: «Այսինքն մեր խորհրդարանը ֆինանսատնտեսական օրենքների ընդունման տեսակետից Կառավարության կցորդն է դարձել, ընդ որում Կառավարությունը իր լիազորություններում ներառել է ոչ միայն օրենքների բովանդակությունը, այլեւ դրանք ընդունելու նախաձեռնությունը: Սա այն դեպքում, երբ մեզ համոզում էին, որ մենք գնում ենք խորհրդարանական երկիր դառնալու ճանապարհով եւ որ խորհրդարանի դերակատարումը պետք է բարձրանա»,- հավելել է ընդդիմադիրը:





























