Պոռնկագրական նյութեր տարածելու մեջ մեղադրվող 26-ամյա Նարեկ Աղաջանյանը իր www.vk.com կայքում ստեղծել է անձնական էջ եւ այնտեղ տեղադրել է «Հայկական պոռնո Արմյանսկոյե պոռնո» վերնագրով պոռնկագրական բնույթի տեսանյութ աղջիկների եւ կանանց հետ ծանոթանալու նպատակով: Այս մասին այսօր` մարտի 3-ին, Վերաքննիչ քրեական դատարանում ասաց վերաքննիչ բողոք ներկայացրած մեղադրող Արսեն Մարտիրոսյանը` նշելով, որ Նարեկը մեղավոր է իրեն առաջադրված մեղադրանքում եւ անհրաժեշտ  է առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը բեկանել եւ նշանակել կատարված հանցագործության բնույթին եւ վտանգավորությանը համաչափ ազատազրկման ձեւով պատիժ:

«Դատավճիռը օրինական եւ հիմնավորված չէ, կարծում եմ, որ բազմաթիվ բացթողումներ կան եւ թույլ է տրվել դատական սխալ, որն էլ ազդել  է գործի ելքի վրա: Պոռնկագրական տեսանյութ պահելը, այն սոցիալական կայքում տեղադրելն արդեն հանցագործություն է, որի համար նախատեսված է պատիժ եւ այդ փաստը չի կարելի անտեսել, ինչպես արել է առաջին ատյանի դատարանը»,-ասաց մեղադրողը:

Սակայն, պաշտպանական կողմը նշեց, որ  Նարեկը «մտավոր պակասություն» ունի եւ քրեական գործի նախաքննության ընթացքում, քննիչը առանց դատարանի որոշման, Նարեկի կամքին հակառակ իրականացրել է նրա անձնական կյանքին վերաբերող քննություններ: Նրա խոսքով, նախաքննության ընթացքում բացի Նարեկ Աղաջանյանի իրավունքները խախտելուց, կոպտորեն խախտվել են նաեւ սահմանադրական եւ դատական նորմերը:

«Նարեկ Աղաջանյանի կամքին հակառակ իրականացվել են նրա անձնական կյանքին վերաբերող քննություններ, որն անթույլատրելի է: Նախաքննության ընթացքում սահմանադրական եւ դատական նորմերը կոպտորեն խախտված են եղել, միջամտությունը անձնական կյանքին եւ կայքի զննությունը պետք է կատարվեին բացառությամբ դատարանի որոշմամբ, որը չի արվել: Պոռնկագրական բնույթի այդ տեսանյութն անգամ բովանդակային առումով չի ուսումնասիրվել, որը նույնպես խախտում է, փորձաքննություն իրականացնողն համապատասխան մարմնի աշխատակից չի եղել եւ իրավունք չի ունեցել փորձաքննություն իրականացնելու: Ես անհիմն եմ համարում վերաքննիչ բերված բողոքը  եւ կարծում եմ, որ համապատասխան ապացույցներ չկան  առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանելու համար »,-ասաց Նարեկի պաշտպանը:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 28-ին:

Նշենք, որ Նարեկ Աղաջանյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացվել է: Դատաքննության ընթացքում Նարեկն իրեն մեղավոր չի ճանաչել եւ հրաժարվել է ցուցմունք տալուց:

Դատարանը պարզել է, որ կայքի իր անձնական էջում պոռնկագրական բնույթի մեկ տեսանյութի տեղադրմամբ Նարեկը չի խախտել այլոց իրավունքներն ու ազատությունները, քանի որ սույն գործով ձեռք բերված տվյալների համաձայն` էջում տեղադրված պոռնկագրական բնույթի մեկ տեսանյութում պատկերված են երկու անձ, որոնց ամբաստանյալը չի ճանաչել եւ նշված տեսանյութը ներբեռնել է բաց ինտերնետային կայքից: Բացի դրանից, տեսանյութը նա տեղադրել է միայն իր անձնական էջում եւ տեղադրված տեսանյութը հասանելի է եղել միայն այդ խմբում գրանցված 18 տարին լրացած անձանց:

Նշենք, որ ամբաստանյալ Նարեկ Աղաջանյանը 2006թ.-ից հաշվառված է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում՝ «Թեթեւ աստիճանի մտավոր հետամնացություն» ախտորոշմամբ։ Նախաքննության ընթացքում նշանակված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Նարեկը տառապում է «Մտավոր պակասություն» ախտորոշմամբ սակավամտությամբ:

26-ամյա Նարեկին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով` պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի եւ տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ ապօրինի տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաեւ այդ նպատակով պատրաստելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: