Հայաստանում արդեն Կառավարության գործունեության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության նոր մեխանիզմներ են կիրառվում։ Այս մասին մարտի 3-ին «Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի մշտադիտարկում» ծրագրի քննարկման ընթացքում ասել է ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երեք ամիսը մեկը ՀՀ կառավարությունը հաշվետվություն է ներկայացնում, իսկ դա կարեւոր ներքաղաքական իրադարձություն է։ «Խորհրդարանն ու հանրությունը հնարավորություն ունեն տեսնել Կառավարության գործունեության ուղղվածությունը բյուջեի կատարողական եւ ծախսերի առումով։ Երկրորդ կարեւոր գործընթացը հետեւյալն է. մինչ օրս վերահսկիչ պալատը հաշվետվությունը ներկայացնում էր տարվա վերջին, իսկ հիմա արդեն կա ընթացիկ հաշվետվությունների մեխանիզմ։ Այդ նորման գործում է, սակայն դեռ այդքան մեծ հետաքրքրություն առաջ չի բերել»,- հավելել է Նիկոյանը։