ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ա եւ Գ» եւ «Ալեքս Գրիգ» ընկերություններն արդեն 4 տարի է շարունակում են իրենց նույն գործելաոճը` «Զելյոնայա մարկա» օղու ապրանքանիշը նմանակելով: Այս մասին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունների դեմ ներկայացրած «Զելյոնայա մարկա» օղու ապրանքանիշի սեփականատիրոջ հայցի քննության ժամանակ ասաց հայցվորի ներկայացուցիչը` նշելով, որ այդ ընկերությունները բազմաթիվ անգամներ նախազգուշացվել են, սակայն կրկին շարունակել են իրենց աշխատելաոճը:

Նշենք, որ հայցվոր կողմը իր հայցադիմումով «Ա եւ Գ» եւ «Ալեքս Գրիգ» ընկերություններից պահանջում է դադարեցնել «Զելյոնայա մարկա» օղու ապրանքանիշի նման ` «Զելյոնայա մետկա» ապրանքանիշի  օգտագործումը:

«Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը, նշեց, որ իր կարծիքով խնդիրն այնքան էլ մեծ չէ եւ հնարավոր է կողմերի միջեւ հաշտության եզրեր գտնել եւ այդպիսով լուծել խնդիրը, սակայն հայցվոր կողմը բացառեց այդ տարբերակը` նշելով, որ խախտվել է մտավոր սեփականության իրավունքը եւ այդ պատճառով էլ անհնար է որեւէ հաշտության եզրեր գտնելը:

«Ինձ ուղղակի հետաքրքիր է, եթե «Զելյոնայա մետկա» չլիներ, այլ լիներ «Զելյոնայա վետկա», էլի էիք դատարան դիմելու՞»,-հայցվոր կողմին հարցրեց «Ալեքս Գրիգի» ներկայացուցիչը, որին ի պատասխան հայցվոր կողմը պատասխանեց` «այո»:

Հայցի քննությունը հետաձգվեց մինչեւ ապրիլի 5-ը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ» ընկերությունը, որը «Զելյոնայա մարկա» օղու ապրանքանիշի սեփականատերն է, հայց է ներկայացրել ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ա եւ Գ» եւ «Ալեքս Գրիգ» ընկերությունների դեմ  ՝ բողոքելով օղու նմանակման դեմ: