Հունվարի տվյալներով, հայրենական ծխախոտի արտադրանքի իրացման ծավալները տարեկան կտրվածքով աճել են 1.4 անգամ: Այս ձեռքբերումը հիմնականում ապահովել է արտահանումը: Այսպես, իրացված արտադրանքի շուրջ 67%-ը բաժին է ընկել արտաքին շուկային: Ընդ որում, ԱՊՀ երկրների մասնաբաժինը նույնիսկ 1%-ի չի հասել:

Ի տարբերություն, ասենք, կոնյակի, ծխախոտի արտահանման աշխարհագրությունը ներառում է նաեւ ռիսկային երկրներ (այդ թվում՝ ներքին զինված հակամարտություններում ներառված երկրներ): Նշենք, որ մատակարարման երկրների առումով չափազանց անհամաչափություն չկա: Հենց այս հանգամանքներն են ոլորտին այժմյան դժվարին արտաքին պայմաններում «գոյատեւելու» եւ նույնիսկ հաջողությամբ զարգանալու հնարավորություն տվել:

Սակայն պնդել, որ ներքին շուկայում այս արտադրանքի առումով կատարյալ վիճակ է, չենք կարող: Անցյալ տարի, օրինակ, առեւտրային ցանցում ծխախոտի ռեսուրսների ավելի քան կեսը՝ 54.3%-ը, ձեւավորվել է ներմուծման հաշվին:

Այս փաստը միանշանակ գնահատելը դժվար է: Մի կողմից՝ ներկրման դեպքում ընդլայնվում է առաջարկվող տեսականին, եւ գնորդն ընտրության լավ հնարավորություն է ունենում: Բայց չմոռանանք, որ երկրի արտաքին առեւտրաշրջանառության մեջ հսկայական դեֆիցիտ կա: Այդ պատճառով ցանկալի է նվազագույնի հասցնել այն ապրանքների ներկրումը, որոնց մասով հայրենական արտադրությունը պոտենցիալ մրցունակ է:

Ինչ վերաբերում է հայկական կոնյակին, ապա անցյալ տարվա արդյունքները բավական անհաջող էին. արտադրության ծավալները գրեթե մեկ տասներորդով կրճատվել են: Ընդ որում, հաշվարկման բազան՝ 2015 թվականը, նույնպես առանձնացել է անկմամբ: Այսինքն՝ երկու տարվա ընթացքում կոնյակի արտադրությունը կրճատվել է մեկ հինգերորդով:

Պատճառները հայտնի են. ալկոհոլային այդ խմիչքի առաջատար ներկրող Ռուսաստանում իրացումը կրճատվել է: Բայց ահա մեկ նորություն. ընթացիկ տարվա հունվարին կոնյակի արտադրության ծավալները 4.4%-ով աճել են: Արդյո՞ք սա նշանակում է, որ իրավիճակը դեպի լավն է փոխվել:

Հայաստանի Գինեգործների ասոցիացիայի նախագահ Ավագ Հարությունյանի կարծիքով, միայն մեկ ամսվա տվյալները կարող են պարզապես «պատահականություն» լինել: Այսինքն՝ «լավատեսական» եզրահանգումներ անելու համար դեռեւս վաղ է: Եվ իսկապես, Ռուսաստանում տնտեսական ճգնաժամը չի թուլանում, այլ, ամենայն հավանականությամբ, խորանալու է:

Սմբատ Գրիգորյան