Հայաստանը տարեկան ընդունում է շուրջ 1 մլն տուրիստի, սակայն մինչեւ 5 մլն տուրիստ ընդունելու հնարավորություն ունի: Այս մասին այսօր` մարտի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ռոմէա գայթակղիչ ճանապարհորդությունների ակումբի» տնօրեն Ռուբեն Գրիգորյանը:
«Հայաստանում միջինում տուրիստն անցկացնում է 4-5 օր, ծախսում` միջինում 1000 եվրո: Պատկերացնո՞ւմ եք` եթե պայմաններ ստեղծվեն, այդքան տուրիստ ընդունենք, ինչքան գումար կմտնի մեր բյուջե»,- նշեց Ռուբեն Գրիգորյանը:
Նրա խոսքով, թեպետ տուրիստներին ընդունելու համար հյուրանոցների թիվը մայրաքաղաքում բավարարում է, սակայն մարզերում հատկապես 3 աստղանի հյուրանոցների պակաս է զգացվում:
«Ալավերդում «Թուֆենկյան» հյուրանոց ունենք, եթե փորձեք համար ամրագրել, չեք կարող. նախորդ ամսվանից բոլորը զբաղված են: Մյուս կողմից` մեզ մոտ հիմնականում 4-5 աստղանի հյուրանոցներ են, որոնք տուրիստներին հարմար չեն. նրանց համար պետք է ավելացնել 2-3 աստղանի հյուրանոցների թիվը»,- ասաց նա:
Ռուբեն Գրիգորյանի խոսքով` մեր երկրում հյուրանոցները հարմարեցված չեն նաեւ մեծ համաժողովներ անցկացնելու համար:
«Եթե ունենայինք, ասենք, 300 մարդու համար նախատեսված կոնֆերանս-դահլիճներ, շատ միջազգային կազմակերպություններ կնախընտրեին մեր երկրում անցկացնել դրանք»,- նշեց նա:
Վերջինի կարծիքով` Հայաստանում տուրիզմը զարգացնելու ամենաարդյունավետ եղանակներից մեկը միջազգային ցուցահանդեսներ կազմակերպելն ու աշխարհին Հայաստանը ներկայացնելն է:
«Սա, իհարկե, լուրջ ծախսերի հետ է կապված, սակայն եթե մի քանի ներդրողներ լինեն, մեծ թվով տուրիստներ կայցելեն մեր երկիր»,- նշեց Ռուբեն Գրիգորյանը:




























