Արարատի մարզի Այնթափ գյուղից Պետրոսյանների ընտանիքը, որը 2 տարի առաջ գազատար խողովակների պայթյունի պատճառով զրկվել է տնից, արդեն 3 օր է՝ նախագահական նստավայրի դիմաց պահանջում են վերահսկողություն սահմանել, որպեսզի «Գազպրոմ Արմենիան» ներկայանա դատական նիստերին եւ իրենց փոխհատուցումը տա: Ընտանիքի 8 անդամները՝ այդ թվում 2-ամյա երեխան այսօր՝ մարտի 3-ին, կրկին գնացել են Բաղրամյան 26 ՝ նախագահի հետ հանդիպելու, իրենց պահանջը նրան ներկայացնելու ակնկալիքով:

«Մեզ տեղեկացրին, որ նախագահին ուղղված մեր դիմումը ուղարկվել է «Գազպրոմ Արմենիա», որտեղից նախագահականին պատասխանել են, որ իրենք պատշաճ ձեւով ներկայանում են դատական նիստերին եւ պատրաստ են փոխհատուցում տալ այն չափով, որքան կորոշի դատարանը: Բայց արդեն դատավճիռն է լինելու, 7 նիստ ա հետաձգվում է, որովհետեւ չեն ներկայանում: Նախագահականում էլ իրենց են հավատում, հո մեզ  չեն հավատա, «Գազպրոմ Արմենիան» է խոշոր հարկատուն, հո մենք չենք»,-NEWS.am-ի հետ զրույցում Արտակ Պետրոսյանը:

Արտակ Պետրոսյանը նշեց, որ փորձաքննությունն իրենց տան գույքը չափից շատ էժան է գնահատել՝ 200 հազար դրամ, այնինչ այդ գումարով իրենք մի բազմոց գնել անգամ չեն կարող: Բացի այդ Արտակը պահանջում է հոգալ իր բուժման ծախսերը, քանի որ պայթյունի հետեւանքով իր մոտ նոր առողջական խնդիրներ են առաջացել:

Հիշեցնենք, որ Պետրոսյանների տունը պայթել էր 2013թ.: Ընտանիքի տան տակով անցնող պլաստմասե գազատար խողովակը վնասվել էր, եւ ծխախոտի կայծից առաջացած պայթյունից տունը փլուզվել էր, դարձել բնակվելու համար անպիտան, իսկ տան բնակիչ` 28-ամյա Արտակը, 2-րդ կարգի հաշմանդամ էր դարձել:

Ընտանիքը դեռ ոչ մի փոխհատուցում չի ստացել, քանի որ գործը 1 տարի է` քննության փուլում է:

«Գազպրոմ Արմենիան» իր մեղավորությունը չի ընդունում: