Որեւէ կասկած չկար, որ իշխանությունն իր հոժար կամքով  Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի  առաջարկները չէր ընդգրկելու  նախագծում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

«Ես որեւէ կասկած չունեի, որ իշխանությունը իր հոժար կամքով չէր դնի այդ առաջարկները նախագծի մեջ։ Ավելին՝ ամբողջ այս խարդախ գործունեությունը կապված էր հենց դրա հետ, որ կարողանան մեզ հետ քննարկումներից առաջ պնդացնել իրենց թիկունքը, մինչեւ ժողովրդի ու ընդդիմության հետ բանակցությունները, կարողանան ստանալ Վենտիկի հանձնաժողովի  հավանությունը, որը իրենց կարծիքով թույլ կտա ավելի անզիջողական լինել մեզ հետ այդ քննարկման ժամանակ։ Դա խարդախ, անազնիվ գող իշխանության մենթալիտետն է ցույց տալիս»,-ասաց ընդդիմադիր գործիչը։

Ըստ նրա՝ եթե իշխանությունն իրեն համարեր հասարակության  կողմից ընտրված, առաջինը պետք է ընդդիմության հետ քննարկեր նախագիծը, որից հետո միայն ուղարկեր Վենետիկի հանձնաժողովին։

Հիշեցնենք, որ իշխանությունը դեռեւս հունվարից  է  հանրությունից ու ընդդիմությունից գաղտնի նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողովին, որի մասին հայտնի դարձավ  փետրվարի վերջին։ Ավելին՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով պետք է այդ նախագիծը հրապարակվեր մարտի 1-ին, սակայն այն հրապարակվեց  միայն Վենետիկի հանձնաժողովի հրապարակելուց հետո՝ մարտի 2-ին։ Ստացվեց այնպես, որ հայ հանրությունն ու քաղաքական դաշտը  Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագծին առաջինը ծանոթացան անգլերեն տարբերակից։ 

Իշխանության որդեգրած այս գործելաոճից ի՞նչ հետեւություն են անելու ընդդիմադիր ուժերը, առավել եւս, որ իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ  Վենետիկի հանձնաժողովին նախագիծը  կարող է ուղարկվել նաեւ ԱԺ-ում ծավալված քաղաքական ուժերի հետ քննարկումներից հետո,  երբ նախագծում կընդգրկվեն նաեւ ընդդիմադիրների առաջարկները։

«Ի՞նչն էր խանգարում սկզբից մեզ հետ քննարկել եւ դրա արդյունքում  ձեւավորված  նախագիծն ուղարակել։ Ինչո՞ւ պետք է հանձնաժողովը երկու անգամ անդրադառնա այդ փաստաթղթին։ Այս սա չի կարող բացատրել իշխանությունը, որ սկզբում անգամ հերքում էր,  որ ուղարկել են հանձնաժողովին նախագիծը։ Մենք մեր  ջանքերը կենտրոնացրել ենք Ընտրական օրենսգրքի պահանջների  միասնական փաթեթի ստեղծման վրա։ Եթե քաղաքացիական ու քաղաքական ուժերը միասնաբար ընտրեն առանցքային պահանջներն ու առաջ քաշեն դրանք, փաստաթուղթը կստանա միջազգային հանրության աջակցությունը։ Համատեղ ջանքերով կկարողանանք ինչ որ չափով կոտրել իշխանության դիմադրությունը»։

Այս դեպքում, երբ իշխանությունը նախագծում չի ընդգրկել ընդդիմության առանցքային պահանջները, որոնց ներդրումը կնպաստեր ժողովրդավարական ընտրությունների կայացմանը, Զուրաբյանն  անիմաստ համարեց անդրադառանալ ընտրական նորամուծություններին՝ գունավոր քվեարթերթիկներին ու ընտրատարածքների օպտիմալացմանը։

«Տարբերություն կա՞ գունավոր թերթիկներով են կեղծում, թե՞  անգույն, չկա, ուստի մենք համարում ենք, որ մինչեւ առանցքային պահանջները չլուծվեն, մնացած բաները անիմաստ են»։ 

Նախագծում ներկայացված էլեկտրոնային քվերակության տարբերակը ընդդիմության սրտով չէ։ Նրանց առաջարկը այլ էր, ինչը նույնպես հաշվի չի առնվել։ Հակված են ընդդիմանալ նածագծում ընդգրկված էլեկտրոնային քվերակության տարբերակին։

«Մենք ասել ենք հետեւյալը՝ կամ մատների թանաքոտում, կամ մատնահետքերի ինդետիֆիկացիայով էլեկտրոնային համակարգի կիրառում գրանցման համար։  Այս բոլոր քննարկումներից հետո մենք հակվում ենք, որ այնուամենայնիվ մատների թանաքոտման գործընթացը շատ ավելի հուսալի է, քան թե էլեկտրոնային համակարգը»։

Ըստ Զուրաբյանի՝ էլեկտրոնային համակարգը ոչ միայն անվստահության հարցը չի լուծում,  այլ ավելի   խորացնում է անվստահությունը։

«Եթե իշխանությունները խարդախ են ու զբաղված են  կեղծարարությամբ, ապա էլեկտրոնային համակարգով էլ ավելի  մեծ հնարավորություն են ստանում ընտրակեղծարարություն կիրառելու։ Ավելին, մենք վստահ ենք նաեւ ու դա հաստատում են միջազգային մասնագետները, որ  մեկ տարվա մեջ հնարավոր չէ ստեղծել էկեկտրոնային հուսալի համակարգ։ Էլեկտրոնային քվեարկության համակարգերը հուսալի են ու գործում են այն դեպքում, երբ ընտրողների այն շտեմարանը, որը օգտագործվում է ընտրողների քվեարկության համար, օգտագործվում է նաեւ այլ ոլորտներում՝ հարկային, կեսնաթոշակային եւ այլն»։

Թե ընդդիմության առաջարկները որքանով կընգրկվեն  երկրորդ անգամ Վենետիկի հանձնաժողովին ուղարկվելիք նախագծում, կուրվագծվի ԱԺ-ում սպասվող քննարկումներից հետո։ Մեկնարկը կտրվի մարտի 15-ին։ Լեւոն Զուրաբյանը շեշտեց, որ ամեն ինչ դեռ առջեւում է, մտնելու են պայքարի մեջ ու համախմբված փորձելու են կոտրել  իշխանության դիմադրությունը։